Ութ տարի առաջ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի սպա կոչված տականքը ենիչերու պես կացնահարեց լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին, որը, դավին անտեղյակ, խաղաղ քնած էր:
Դատարանը յոթ նիստ ունեցավ, որոնց, որպես Հայաստանի Հանրապետության ՊԲ ներկայացուցիչ, մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Անվանի հայ մտավորականը մամլո ասուլիս ունեցավ և ԶԼՄ-ներին ներկայացրեց ուշագրավ փաստեր` իր իսկ մեկնաբանությամբ:
-Այդ քստմնելի, սարսափելի արարքը տեղի է ունեցել 2004թ. փետրվարի 19-ին: Ադրբեջանի բանակի սպա Ռամիզ Սաֆարովը, մինչ այդ նախապատրաստվելով, կեսգիշերին մուտք էր գործել հայ սպայի սենյակ, որտեղ քնած էր նաև հունգարացի մի սպա, ապա գազանաբար գլխատել էր քնած Գուրգեն Մարգարյանին:
Այսօր մենք հետադարձ հայացք կնետենք կատարվածին և գնահատական կտանք:
Ինչու՞ տեղի ունեցավ այդ սպանությունը, ի՞նչ հետևանքներ ունեցավ այն: Բացենք փակագծերը:
Ո՞վ էր Ռամիզ Սաֆարովը: Նա ադրբեջանական երկու ռազմական ուսումնարան ավարտած, ինչպես նաև Թուրքիայի ռազմական ակադեմիայի շրջանավարտ է:
Իմ պատկերացմամբ` յուրաքանչյուր սպա ունի / կամ պետք է ունենա / որոշակի բարոյական նորմեր թե խաղաղ, և թե պատերազմի ժամանակ: Բայց այդ բարոյականության դասերը չեն տրվել բարձրագույն կրթությամբ ադրբեջանցի սպային: Այլապես նախօրոք նա կացին չէր գնի, գիշերը ծածուկ չէր սրի այն` սպանության իր ծրագիրն իրականացնելու համար:
Բարեբախտաբար, երկրորդ հայ սպային սպանելու նրա ծրագիրը չիրականացավ` Ռամիզից անկախ պատճառով. սենյակի դուռը կողպված էր: Այլապես մյուս հայ սպային էլ կսպաներ:
Հիմա բառացի հղում անենք մարդասպանի առաջին ցուցմունքներին, որոնք հույժ
կարևոր են. <<Երբ ես լսեցի, որ Հունգարիա են ժամանելու հայ սպաներ, իմ ներաշխարհը խառնվեց; Ես որոշեցի սպանել նրանց>>:
Ադրբեջանցի սպան այս խոսքերն ասել է առանց կողմնակի միջամտության, գուցի մի քիչ էլ հուզումնալից տոնով: Բայց դա արձանագրվել է:
Ամենակարևորը, թերևւս, ադրբեջանական բանակի և այդ երկրի քաղաքական ղեկավարության համար սարսափելի այն խոստովանությունն էր, որ կատարեց Ռամիզ Սաֆարովը:
Իր առաջին ցուցմունքում նա հայտնել էր, որ <<մարդ սպանելու տեխնիկային, այդ թվում նաև` տարբեր գործիքներով, ինքը սովորել է Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի ռազմակալված տարածքում տեղակայված թուրքական հատուկ ստորաբաժանումների գաղտնի ռազմակայաններում>>:
Ցանկացած երկրի պարագայում նման մակարդակի ռազմական գաղտնիք բացահայտող և այսպիսի խոստովանություն անող սպայի համար կհետևեր խիստ պատիժ: Սաֆարովը նման խոստովանությամբ բացահայտել է մի սոսկալի իրողություն աշխարհի համար: Այն երկիրը, որ լացուկոծ է անում, իբր, հայերի կողմից օկուպացված, ճնշված լինելու համար, սեփական բանակի սպաներին պատրաստում է երրորդ երկրի կողմից Եվրոմիության բռնազավթված տարածքներում:
Սա կարևոր ուղերձ է, որ պետք է հնչեցվի թե ՄԱԿ-ում, թե Եվրոխորհրդում, և թե միջազգային բոլոր ատյաններում: Որովհետև քարոզչական պատերազմում պաշտպանվելը պարտություն է նշանակում:
Ի՞նչ գործ ունի Ադրբեջանի բանակի սպան Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի ռազմակալված տարածքներում: Ովքե՞ր են պատասխանատուները: Ցավոք, այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն չի եղել:
Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի` ՆԱՏՈ-ի անդամ է, Ադրբեջանը` ոչ: Բացատրություն է պահանջվում: Եվ Ռամիզ Սաֆարովի նմանները շատ են այնտեղ: Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխան տան. ի՞նչ գործ ունի Ադրբեջանի բանակի սպան Հյուսիսային Կիպրոսի տարածքում:
Հիմա` Բուդապեշտում տեղի ունեցած դատաքննության մասին; Երկու տարի տևեց այն, որին մասնակցում էինք ես ու Նազելի Վարդանյանը: Հետևում էինք ադրբեջանական քարոզչամեքենայի բոլոր հնարքներին ու կեղծիքներին: Սպանությունից երկու ամիս անց Բուդապեշտում ադրբեջանական հապճեպ սարքված դեսպանատունը միայնակ չէր գործում: Նրա հետ զուգահեռ ճգնում էր նաև Հունգարիայում Թուրքիայի դեսպանատունը:
Այդ երկու երկրների դեսպանատները փորձում էին Ռամիզ Սաֆարովից հերոս սարքել, որը, իրր, տուժած-տանջված էր, և այդ կերպ վրեժխնդիր է եղել հայերից:
Ադրբեջանական կողմը իրեն բնորոշ մեթոդներով փորձեց ամեն կերպ գնել հունգարական, ասել է թե` եվրոպական արդարադատությունը, ինչպես դա անում է Եվրոտեսիլում, ՅՈՒՆԵՍԿՈ-յում`տարբեր միջոցառումներ անցկացնելու և անպայման հաջողության հասնելու համար: Որոշ դեպքերում դա հաջողվեց ադրբեջանցիներին: Գնեցին հունգար հոգեբանների և երկու դատական փորձաքննիչների կարծիքները:
Փորձ էր արվում երեք ռազմական հաստատություն ավարտած ադրբեջանցի սպային ներկայացնել որպես հոգեկան անհավասարակշիռ անձ: Դրանով, սակայն, հարվածի տակ դրեցին ամբողջ ադրբեջանական բանակի հեղինակությունը: Ռամիզ Սաֆարովը կարող է մոդել լինել ադրբեջանական զինված ուժերի սպաների համար: Դա հաստատում է, թե ինչպիսի հոգեգարներ և մտավոր ցածր մակարդակ ունեցող մարդիկ են ադրբեջանական բանակի սպաները: Փաստն այն է, որ ամեն կերպ փորձում էին փրկել ադրբեջանցի մարդասպան սպայի կաշին:
Սակայն հունգարացի դատավոր Անդրեաս Վասկութին իր կոչման բարձրության վրա գտնվեց, ինչն արժանի է ամենայն դրվատանքի: Նա մինչև վերջ հետամուտ եղավ, որպեսզի ճիշտ փաստարկներ ներկայացվեն, և դատավարությունն ընթանա արդարադատության հունով:
Դատավճիռը կայացվելուց մեկ նիստ առաջ հնչեց այն աներկբա տեսակետը, որ ադրբեջանցի սպան լրիվ առողջ է և սպանությունը իրականացրել է գիտակցաբար: Իզուր չէ, որ հաշվի առնվեց նաև Սաֆարովի վտանգավորությունը հանրության համար և հիմնավորվեց հասարակությունից նրան մեկուսացնելու որոշումը: Որովհետև նա ծրագրել և սառնասրտորեն իրագործել էր սահմռկեցուցիչ մարդասպանությունը:
Ադրբեջանական կողմը, որն աշխատում էր մեղադրյալի շահերը ներկայացնող հունգար փաստաբանի հետ, ցինիկաբար հայտարարեց. <<Ադրբեջանում հայ սպանելը չի դիտվում որպես հանցագործություն>>: Սա ևւս մեկ մոդել է, որն առնչվում է Ղարաբաղյան հակամարտության հետ: Հայերն ինչպե՞ս կարող են ապահով զգալ Ադրբեջանում, երբ այնտեղ կա Ռամիզ Սաֆարովի օրինակը և ի դեմս այդ մարդասպանի կա ադրբեջանական բանակի և ամբողջ Ադրբեջանի այսօրվա դիրքորոշումը հայ ժողովրդի նկատմամբ: Ամեն ինչ խտացված է այդ մարդասպանի կերպարի մեջ:
Փորձեր արվեցին ամեն կերպ Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան` մարդասպանին այս անգամ ներկայացնելով որպես թարգմանիչ, գրքին… մոտիկ մարդ: Եթե դա հաջողվեր, Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդին ցույց կտային, որ իրենց համար անլուծելի խնդիրներ չկան: Չէ՞ որ նրանք սովոր են նավթադոլարներով լուծել ցանկացած հարց: Բայց այս անգամ նրանց խոփը դեմ առավ հունգարական արդարադատության քարին:
Արդեն 8 տարի է Ռամիզ Սաֆարովը գտնվում է հունգարական բանտում: Այն դատավճիռը, որ հնչեցվեց 2006թ. ապրիլին, դատավճիռ է ոչ թե Ռամիզ Սաֆարովի նկատմամբ, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը` իր հակահայ քաղաքականության համար:
Մարդասպանը հունգարական բանտում կնստի 30 տարի, որից հետո հնարավորություն կունենա խնդրագիր ներկայացնել` ներում ստանալու համար: Դիմում, ինչ խոսք, կգրի, բայց ներում կստանա՞…
Սաֆարովից հետո այլ կերպարներ էլ երևան եկան, որոնք նույնպես փորձեցին գնալ Ռամիզի ճանապարհով: Նրանցից վերջինը նույնիսկ ազգային հերոսի կոչում ստացավ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատվո պահակ կանգնեց հայկական խրամատում ոչնչացված մարդասպանի դագաղի մոտ: Նրան վերադարձրել էր հայկական կողմը: Սրանք են Ադրբեջան պետությանը բնութագրող կերպարները:
Ադրբեջանի ղեկավարությունը իր հասարակությանը տանում է դեպի կատարյալ դեգրադացում: Սա վկայում է իրենց արժեհամակարգի խաթարված վիճակի և հասարակության հիվանդ լինելու մասին:
Այն հասարակությունը, որը ազգային հերոս է հռչակում քնած մարդուն սպանող սպային, նշանակում է` այդ հասարակությունը հոգեկան լուրջ խնդիրներ ունի և տառապում է զանգվածային պսիխոզով , ինչը շատ է վտանգավոր :
Ո՞րն է ամենագլխավոր եզրակացությունը, որ բխում է այս ամբողջ պատմությունից` հարցնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Բուդապեշտում տեղի ունեցած դատավարության մասնակից Հայկ Դեմոյանը և ավելի քան համոզված պատասխանում. եզրակացությունն այն է, որ անհամատեղելի է Արցախի ժողովրդի համակեցությունը հայատյացությամբ տառապող Ադրբեջանի հետ: Անբեկանելի է ազատության և անկախության ուղին ընտրած ժողովրդի կամքը:
Լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությամբ Ադրբեջանի դիմակը պատռվեց վերջնականապես:
Գր. Ռուբինյան
